Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հրաժարվում է ներկայանալ դատախազություն՝ հարցաքննության։ «Դատախազությանը խորհուրդ կտայի զբաղվել իր գործով և խուսափել նախագահի հետ քաղաքական հաշիվներ մաքրելուց»,- ճեպազրույցում հայտարարել է Զուրաբիշվիլին: Ավելի վաղ Վրաստանի դատախազությունը հետաքննություն էր սկսել ընտրակեղծիքների մասին մեղադրանքներից հետո, որի առնչությամբ էլ Զուրաբիշվիլին հրավիրվել է հարցազրույցի։               
 

Ինչպես եղավ, որ քարերն իմը եղան

Ինչպես եղավ, որ քարերն իմը եղան
08.11.2012 | 15:14

Լևոն ԲԱՐՍԵՂՅԱՆ

Մի Կոլա հոպար ունեինք Թիֆլիսում: Հորքուրներս պատմում էին, որ Ստալինի ժամանակ շշին էին նստեցրել մարդուն: Հարցնում էի` ընչի՞, 8-10 տարեկան էի, բացատրում էին, որ հակա են հանած եղել: Դե, ես բան չէի հասկանում, անսահման հետաքրքրությամբ սպասում էի, թե ինձ երբ են նորից Թիֆլիս քաղաքը տանելու` նորից էդ մարդուն ու քաղաքը տեսնեմ: Նշանավոր տատս, որ Էրզրումից մանկահասակ փախել հասել էր Կրասնոդար, ճանապարհորդությունների մեր գուրուն էր, ամեն ինչ գիտեր, և հիմա եմ հասկանում, որ Google-ը մոգոնել են տատիս նմանությամբ և բովանդակությամբ, ցեղապետն էր այդ ճամփորդությունների, մանավանդ` Թիֆլիս քաղաք:

5 տարեկան էի, թե 6, դժվար է ասել, մեր ու աղջիկ ինձ խաբեցին առաջին անգամ, «քցեցին» (արդի հայերենով), թե մանկապարտեզից կվերցնենք քեզ, այ բալա, և ուղիղ կգնանք Դիլիջան` Մագինենց տուն: Մագինը մեր հայրական ցեղախմբի օդաչուներից էր` ջահել, բայց թոշակառու։ Մորթեն` չեմ հասկանա, թե ինչու` Մագին։ Եվ ի՞նչ գործ ուներ օդաչուն Դիլիջանում։ Համբերությունս չի հատնել դեռ, որ մի օր Դիլիջանի կենտրոնի օղակի մոտ կանգնեմ, կամ` արդեն Ֆրունզի արձանի մոտ, անցնող-դարձողին Մագինենց տունը հարցնեմ` իմանամ, գնամ` ծանոթանամ։ Բայց դեռ էն տարիքում ահագին բան էի սովորել մեծ` պաժառնու դիսպետչեր Ասյա հորքուրիցս, որին մինչև հիմա մեր ժողովուրդը Ադա է ասում, զի ես էի կնքել այդպես լեզուբերան ելնելիս։ Հիշում եմ, մեր Մագին օդաչուի ստամոքսը վիրահատել, կեսը հանել էին, ասում էին` քիչ է ուտում, բժիշկն ասել է` ծամոն կծամես, թարսի պես ինձ էլ արգելում էին: Մի խոսքով` Դիլիջանը իմ առաջին ճամփորդությունների պոլիգոնն է եղել. մի անգամ քամին պիտի քշեր ինձ, բայց ծնողներս ձեռքերս կարգին բռնել էին, հետո Դիլիջանում քամի չեմ հանդիպել, երևի տարիքի հետ մարդու քաշն ավելանում է, դրանից է:
Մի խոսքով` Անահիտ տոտան` տատս, ու Ասյա աղջիկը, ինձ տարան մանկապարտեզ ու մենակ երդում չկերան, որ կվերցնեն, մնացած բոլոր խոստումները տվեցին, ժամն էլ ասացին` մեկն անց կես: Կարգին մանկապարտեզ էր Լենինականի 4-րդ մանկապարտեզը` Օրջոնիկիձեի փողոց, մինչև հիմա լենինականցիք Օրջոնոկիձե են ասում..., կինո «Երևանի»` 16-ի դալանի տակից մի քիչ վեր, հիմա էլ կա: Կարգին էր, որովհետև ամեն բան ուներ, խաղահրապարակներ, ավազ, խաղալիքներ, խորանարդիկներ, Լենինի նկարը պատին, բոլոր սենյակների` վայթե, խաղալիք և իսկական դաշնամուրներ, բայց հացը, չգիտես ինչու, քչություն էր անում, կամ մեզ էր թվում` հենց հացի էին նստեցնում, չորսս հացի կտորներն իրար մեջ բաժանում` դնում էինք ափսեներիս կողքերն ու դաստիրակչուհուն նայում: Քնարիկ Խաչատուրովնան գալիս տեսնում էր, բոլոր հացակտորները հավաքում, լցնում էր հացամանի մեջ ու ասում` չի կարելի, պատկառելի և տարիքով կին էր: Հենց գնում էր կողքի սեղանը կարգի բերելու, նորից մենք հացը բաժանում-շարում էինք կողքերս, ասես մեկը փախցնելու էր, մինչև հիմա էդ բանտի խասիաթը վրես է, քիչ-քիչ հետ եմ վարժվում, բայց նորից հիշում եմ ծանր մանկությունս:
Էդ մանկապարտեզն էնքան լավն էր, որ պատին, ամեն ինչից բացի մի հատ կարգին ժամացույց կար` ճոճանակով: Էդ օրը դաստիարակչուհուն ասում եմ` ժամը քանի՞սն է, ասում է` սըբանեցիր, այ տղա, 10-ը։ Կյանքս կերար` 10-ն անց 10, տասն անց 20, տասն անց կես, տասնմեկից քսան պակաս: Ասում եմ քսան պակասը ո՞րն է: Էս կինը, խելագարության չհասնելու համար, որոշեց 5-6 տարեկան երեխային ժամերը սովորեցնել, բայց դրա համար, ստիպված եղավ թվերը սովորեցնել, տևեց 2 ժամ, ես սիրեցի թվերը, մինչև հիմա Հ1-ի մոնիթորինգի գործում պետք են գալիս: Արդեն կեսօրն անց հասկացա, որ ինքնուրույն ջոկում եմ ժամերը, 12:15, 12:20, բան չմնաց, ես հացի չնստեցի էդ օրը, ժամացույցին էի նայում կանգնած` պատին, վերևը, ասում եմ` տատիգս բդի գա ընձի տանի Դիլիջան: Էղավ ժամը մեկն անց կեսը` «քցողները» չեկան հետևիցս, քսան պակաս` չկան, մի ոտ էր մինչև մեր տունը, տասը պակաս` չեկան, էղավ 2-ը` հասկացա, որ թռան մեր ու աղջիկ Դիլիջան:
Էդ Դիլիջանը ինձ համար արդեն մի ձոր էր, գետ, Աղստևը չէր, գետակ էր, մի փայտե ճոճկան կամուրջ, սպիտակ վայրի վարդեր ժայռաքարերին` կամրջի վրա կախված, ու հոտն այդ վարդերի, Մագինենց տունը ու Մագինին չեմ հիշում: Եվ իմ Դիլիջանի կայֆը իրենց տան բակից բացվող ձորն էր: Մեր ու աղջիկ հետո ինդուլգենցիաների տեսակներ ու տարատեսակներ էին առաջարկում ժամերով, բայց ես գիտեի, որ քցողն էլի կքցի, քաղաքական գործիչ էին իսկական, էլ փչոցներ, էլ մեղա, էլ Վասյուկի, էլ բանակցություն, էլ երկխոսություն, անհանդուրժողականության մեջ մեղադրանք, էլ վիրավորանքների ու զրպարտության հերյուրանք, իբր ես իմ քյորփա հալով հորքուրին ու տատիկին չեմ հարգում, պատկերացնո՞ւմ եք, ես խռով մնացի, չեմ հիշում ինչքան, մինչև ասացին` «Թիֆլիս» բառը: Փոխզիջում եղավ:
Թիֆլիս, Կոլա հոպար, Կամոյի բանտ, Քուռը, Սայաթ-Նովա, մետրո:
Ավտոբուսի լուսամուտից տեսնում եմ Վախթանգ Գորգասալու արձանը, մատս տնկում եմ, Անահիտ տոտան ասում է, խելոք` ըդիկ բանտ է, իսկ ես հետևի եկեղեցին նկատի ունեի, ստի վկա պաժառնու դիսպետչեր Ասյա աղջիկն էլ ասում է` ընդեղ սաբոն կսարքեն: Նարիկալան եմ ցույց տալիս, էլի` խելոք մնա` ընտեղ բանտ է, մարդկանցից սապոն կսարքեն: Վերջը, պարզվեց` էդ Թիֆլիսը սապոնի զավոդ է, բայց դե ես այդպես հեշտ հավատացողներից չէի: Մետրո էին խոստացել, խաբեցին գետնանցումով անցրեցին, թե պրծավ մետրոն, էս էր, որ կար:
Կոլա հոպարը մտավորական էր, գրում էր, թե` ինչ, մարդ չգիտե, պապիս հորեղբորորդի էր կարծեմ, տունը Թիֆլիսի դասական թաղերից մեկում էր` Մեյդանից վեր, էդ արանքները ներծծված են մեջս, ես էլ` էդ արանքների մեջ: Էդ օրը, երբ գնացինք, մեծերը չգիտեմ ինչ էին քննարկում, ես վրացերեն տառերն էին սովորում 70-ամյա Կոլայի 10 տարեկան աղջկանից` Իրմայից։ Խուճուճ տառեր էին, պարզվեց, մեծատառ չունեն, պարզվեց` շատ պարզ էր ու ամենախուճուճ տառը` Լ-ն էր, որ ավելի պարզ էլ կարելի էր գրել:
Պայմանավորվեցին, որ Կոլայենք գալիս են մատաղ անելու, ու գնալու ենք Էջմիածին` վանքը, կլիներ 74 թիվը:
Տատս վաստակավոր խոհարար էր, այդ մասին շատ եմ պատմել, մատաղ եփելու ականավոր գիտակ, թաթար բորանի, էրիշտա, աջապ սանդալ, իմամ բայադի, փաստորեն, առաջ անհասկանալի իմամներ են եղել` ուտելի: Մեր Լեննագանի «Յոթ վերք» եկեղեցին, որ հիմա նայում է հրապարակին, 30-ականների վերջերին եկեղեցաքանդության բումի ժամանակ խելացի մարդիկ, որոնց անունները չգտեմ դեռ, փրկելու համար, լեզու են թափել աջուձախ, վերջը գտել են ձևը. խաբել են իշխանությանը, ասել են` դեմը շենք կշինենք` չի երևա, ու չեն քանդել: Համարյա նույն պատմությունը կրկնվել է հրապարակի հարավային կողմին հառնած ու արդեն 20 տարի է` վերականգնվող ու չվերականգնվող Ամենափրկիչ եկեղեցու հետ, բացի լեզու թափելուց, տրակտորներով ճոպաններ են կապել զանգակատնից, քաշել-քաշքշել են, ինչ արել են` չի փլվել, էդ էլ զարհուրելի մեծության մի շինություն է` 43 ու կես մետր` Անիի Մայր տաճարի նմանությամբ, գյումրեցոնց հրաշքն իսկապես, քանդողները տեսել են` հնար չկա, խայտառակ են լինում` վերջը համոզվել են, ասել են` գրողին էղնի, դրա դեմն էլ մի բան շինեք` քաղսովետից ու հրապարակից չերևա, Ամենափրկչի դեմը 2-րդ ռուսական դպրոցն են շինել, «Յոթ վերքի» դիմաց` ճռճռան խանութն ու «Մանկական աշխարհի» շենքը, որի հետևից միայն գմբեթի հովհարն էր երևում հրապարակի կողմից, լուսանկարել չէր լինում: Գործը համարել են ավարտած: Արդյունքում եկեղեցու և խանութի արանքում մի նրբանցքի չափ բան էր մնացել ու վրան ճաղերով դարպաս էին դրել, դռնակով, որ գիշերները կողպում էին:
ՈՒրեմն մեր ու բոլոր քաղքցոնց մատաղի ոչխարի ականջը կտրելու տեղը «Յոթ վերքի» բակն էր։ Բայց պապական ու տատական կարգ էր, որ գառը պիտի երեք շրջան պտտեին եկեղեցու բոլորը, ազգուերամով, հարայ-հրոցով քաշքշելով, բանտիկը գլխին, տուփով խոշոր աղն ու մի փունջ խոտը ձեռներս, համոզելով, մինչև երեք շրջանն ավարտում էինք, տերտերն ականջը կտրում էր, խաչ էր քսում ճակատներիս, դառնում էինք տուն, մյուս օրը մորթում էին մեր դանակավորները` առավոտ կանուխ: «Յոթ վերքի» պատերն ու դռներն անգիր գիտեինք, գառներն այծերից անտանելի էլ են լինում, դրանց անունին չխաբվեք, գյումրեցիք, եթե գառ են ասում, ուրեմն խոսքը մի 50-կիլանոց ոչխարի մասին է, գառանը մենք ձագ ենք ասում, չենք ուտում, որովհետև քչություն է անում: Մատաղացուն էլ եկեղեցու բոլորը պտտելիս, եթե համառում էր, իրավունք չունեինք մեջքի բրդից քաշել հանել` հրել, որովհետև մաշկի տակը արյուն էր լցվում, արնխեղդ էր լինում, լավ չէ, ասել էր տատս:
Թիֆլիսում մեր լիքը բարեկամներից մի քանիսն էլ կային ու նրանց մեջ մի երեխա աղջիկ` լալ էր, մեր լեզվով` համր, չէր կարողանում խոսել: Մեկ էլ հայտնվում էին իրիկվա կողմ, բա` առավոտ տանենք ժամ: Էդ կինո էր: Կանուխ ինձ էլ էին քնից հանում, ասես, որ ես չգայի` էդ աղջիկը չէր սկսի խոսել: Քնաթաթախ հանում, հագցնում էին ինձ, էդ աղջկա ու թիֆլիսցոնց հետ տանում էին ժամի դուռ` «Յոթ վերքի» դարպասի առաջ: Դեռ լուսը չբացված, գնում հասնում էինք, տեսնում, որ խանութի ու եկեղեցու արանքի դարպասի դուռը փակ է` վրան կողպեք: Հենց էդ պահին հայտնվում էր քահանան ու մինչև դուռը կբացեր, բանալին ուղիղ կոխում էր էն լալ էրեխի բերանը, ինչ-որ բաներ էր ասում, երևի` լեզու բացելու աղոթք էր, բանալին շուռումուռ էր տալիս, տատս աչքով-ունքով հասկացնում էր, թե էս էրեխին էլ էդ բանից արա, որոշել էին երևի, թե ես վատ եմ խոսում, բայց մի երկու անգամ դիմադրության հանդիպելուց հետո թարկը տվեցին լեզուս բացելու, երևի հասկացան, որ արդեն բացվել է: Լեզու բացելը մի մանեթ էր, մարդա, մեծերն էին մուծվում:
Մի խոսքով էդ խորհրդավոր միջավայրում Կոլա հոպարն իր ընտանիքով եկավ հասավ Լեննական, ոչխարը որտեղից առան` էդ անգամ չեմ հիշում, ու չնայած ամբողջ աշխարհը գալիս էր մեր «Յոթ վերքի» մոտ էր պտտում իր մատաղացուն ու կտրում ականջը, Կոլա հոպարս, որ հակա էր եղել ու շշին նստեցվել հնում, որոշել էր` Էջմիածին: Մտավորականների հետ մեր ընտանիքում չեն վիճում:
Էջմիածնում շոգ էր անտանելի, ինչպես միշտ, էդ ոչխարը չէր քայլում, հոգնած էր, 150 կմ` բեռնախցիկում չարչարվել էր, հիմա հանել էին ու ասում` քայլիր… Մայր Տաճարի բոլորը: Տատս ասաց` 3 շրջան, օրենքով: ՈՒրեմն մի քանի երեխա ու մի քանի մեծահասակ, 10-12 հոգի, հայերեն, վրացերեն, հրում ու հրմշտում ենք էդ մատաղացուն, էլ աղ, էլ խոտ, էլ հարայ-հրոց, էլ համոզել` գառ ջան, հոգուդ մեռնիմ, քելե հա՜, չի գնում տամբատը, Կոլա հոպարն էր անգամ մասնակցում, մարդիկ էլ նայում են, ուրախանում են, թե խնդում են, չեմ հասկանում: Տևեց մի 4 ժամ, քրքրված, չարչարված, բեզարած, խելագարության հասած ավարտեցինք 3-րդ շրջանը, ու մեկ էլ որտեղից որտեղ խաչն ու Ավետարանը ձեռին հանդիսավոր մոտեցավ տեր հայրը, եսիմ ով էր, Վազգեն Առաջինը չէր, կաթողիկոսին 5-6 տարեկանից նկարով գիտեինք, Աստծուն հավասար մարդ էր մեր գիտակցության մեջ: «Էս ինչո՞ւ կչարչարեք խեղճ գառը»,- մոտավորապես, հանդիմանական, ասաց: Դե մեծերը բացատրեցին: Շատ լուրջ մարդ էր հոգևորականը, չծիծաղեց, բացատրեց, որ գառանը չարչարել չարժեր, բավական էր երեք շրջան անասունին պտտել քարի շուրջը, իսկ ավելի լավ էր` մի տուփ աղը կբերեիք միայն ու աղը աղոթել կտայիք` կտանեիք կկերակրեիք։
Էդ քարը, հիմա չգիտեմ` կա՞, թե՞ չկա, ուրեմն մի 2-խորանարդ մետրանոց հսկա քար էր, խելոք իր համար դրած էր Մայր Տաճարի կողքը` ոչ հեռու, իր դերն ու առաքելությունն ուներ, ու մենք տեղյակ չէինք, համեստ սև քար էր, մի կտոր քար, կանոնավար, ուղղանկյուն կոտրած, զուսպ, սիրալիր, քաղաքավարի` աջ քաշել կանգնել էր իր համար, իսկ մենք Կոլա հոպարի մատաղացուն հալածում էինք Մայր Տաճարի բոլորը:
Հետո, ուսանող ժամանակ հենց ասում էինք` քար, Վաչե Պետրովիչ դասախոսը մեր, որ 65-ին նստել էր մի քանի տարի, ասում էր, այ տղա` քար չէ, ապար է, ապա՜ր։
Քարերը շունչ ունեն, ես առանց այդ քարերի չեմ կարող ապրել, ուրիշներինը ձուկն է, սուրը, սոխը, փողը, ծովը, հուրը, լույսը, հույսը, խոսքը, երգը, իմը քարն է։ Ինչ քար էլ լինի:

Դիտվել է՝ 1939

Մեկնաբանություններ